Զատկական սեղանը պատկերացնել առանց ներկած ձվերի, թերեւս անհնար է: Ձուն օրինակն է ամբողջ աշխարհի. վերին կեղեւն օրինակն է երկնքի, թաղանթը` օդի, սպիտակուցը` ջրի, իսկ դեղնուցը` երկրի: Ձուն կարմիր ներկելով` հայտնում ենք, որ ամբողջ աշխարհը՝Քրիստոսի Արյամբ ներկվեց, եւ դրանով է քարոզում մեր փրկությունը: Ձուն երկու անգամ է ծնվում, առաջին անգամ` երբ հավն է ածում, իսկ երկրորդ անգամ` երբ ձվից ճուտ է դուրս գալիս: Մարդն էլ է երկու անգամ ծնվում. առաջին անգամ` մորից, իսկ երկրորդ անգամ` Մկրտության ավազանից: Ձու ներկելու ամենատարածված գույնը կարիմիրն է, բայց, ազգագրագետների վստահեցմամբ, հնում հայերը ձվերը ներկել են «գարնան բոլոր գույներով»:
Զատկի տոնական սեղանին իրենց պատվավոր տեղն ունեն նաեւ բրնձով, չամիչով ու չրերով փլավը, ձուկը, գինին ու կանաչեղենը: Այդ ցանկում կարեւոր է նաեւ տոնական գաթան, որը խորհրդանշում է արեւը:
Չամիչով փլավի խորհուրդը ժողովրդի հավաքական կերպարն է, իսկ չիրն ու չամիչը` մեր հավատը: Մեկ այլ մեկնաբանության համաձայն՝ բրինձը մարդիկ են, չամիչը` ընտրյալները, այսինքն հավատացյալ մարդիկ:
Ձուկը (հունարեն`իխտյուս) թարգմանաբար նշանակում է Հիսուս Քրիստոս Աստծո Որդին,Փրկիչն աշխարհի:
Գինին խորհրդանշում է Հիսուսի արյունը, իսկ ձուն, որ այդ օրվա գլխավոր խորհրդանիշն է, մեր աշխարհի պատկերն է, որ ներկվեց նրա կարմիր արյամբ: