Ողջույն բոլորին: Ցանկանում եմ խոսել մեր շատ սիրելի տիար Բլեյանի մասին: Չեմ հասկանում պարոն նախարարի ասելիքի իմաստը: Այդ Աշոտ Բլեյա՞նն է թոշակի տարիքի։ Դուք երբևիցե տեսել ե՞ք Աշոտ Բլեյանի մանկապարտեզները և ուրիշ մանկապարտեզներ: Ո՞ր մանկապարտեզում եք տեսել՝ երեխան հեծանիվ ունենա, ազատ լինի, ունենա լողավազան, ունենա կանաչապատված բակ: Եթե չլիներ Աշոտ Բլեյանը, ապա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի մեծ մաս չէր ունենա կանաչապատ տարածք: Ո՞ր դպրոցում եք տեսել, որ երեխան ունենա ազատ խոսքի իրավունք, ունենա մեծ լողավազան, հեծանիվներ, առավոտյան նախավարժանքի հատուկ տարածք: Ունենա ընտրության հնարավորություն, ընտրի՝ ինչ մարզաձևով զբաղվի ֆիզկուլտուրայի ժամին: Աշոտ Բլեյանը 7 դպրոցների տեր ու տնօրենն է, ինչպե՞ս եք ցանկանում նրան հեռացնել: Ոչ ոք չի կարող նրան հեռացնել։ Եթե ինչ-որ մեկը ցանկանա նրան հեռացնել իր սեփական դպրոցներից, ապա բոլոր սովորողները և սաները նրա կողքին են լինելու: Ձեզ ի՞նչ է թվում, երբ մեր Աշոտ Բլեյանի փոխարեն ուրիշ ինչ-որ մեկը գա, երեխաները կգա՞ն դպրոց: Ծնողները իրենց երեխաներին կբերե՞ն մանկապարտեզ:
Ո՞ր դպրոցում կամ մանկապարտեզում եք տեսել, որ լինեն ծես, երաժշտական տարբեր գործիքներ, համերգներ, դասատուները երեխաների և երեխաների ծնողների հետ գնան եկեղեցի և եկեղեցու բակում կատարեն ծեսեր՝ պարելով և երգելով: Նույնիսկ պարոն նախագահը՝ Արմեն Սարգսյանն է եղել մեր դպրոցում։ Նրան շատ դուր են եկել մեր ծեսերը, մեր պարերը, երգերը: Ո՞ր դպրոցում եք տեսել, որ լինի առարկա, որի ժամին ինչ ցանկանում եք սովորել, ընտրեք և շաբաթական երկու անգամ ու ամեն անգամ երկու դասաժամով սովորեք․ ասենք, օտար լեզուներ՝ անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, վրացերեն, իտալերեն, ֆրանսերեն և այլ լեզուներ: Օրինակ՝ վրացերենի խմբի ուսուցչուհին իր խմբի հետ միասին ճանապարհորդել էր դեպի Վրաստան, վրացական ճամբար: Վրաստանի դեսպանը և իր կինը եկել էին մեր դպրոց հյուր՝ հատուկ վրացերենի խմբին տեսնելու: Օրինակ՝ մեր հայոց լեզվի ուսուցչուհին մեզ տարել էր Գյումրի, որտեղ կատարվում էր սեբաստացիների պատրաստած իրերի ցուցահանդես-վաճառք՝ գորգագործության ժամանակ արված երեխաների գործվածքները, կավագործության ժամին երեխաների պատրաստած վզնոցնեը, սուրճի բաժակները՝ իրենց ափսեների հետ, կուժերը և այն պատկեները, ինչը որ ցանկացել են պատրաստել երեխաները:
Կամ մեր մարզաձևերը գիտե՞ք: Մենք ունենք սուսերամարտ, վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, աղջիկների ֆուտբոլ, հեծանիվների ակումբ, նետաձգություն, հրաձգություն մարզաձևերը: Մեր ուսուցչուհին մեզ նաև տանում է հեծանվաերթի: Մեր շատ սիրելի տիար Բլեյանը նույնպես շատ է սիրում հեծանիվ քշել: Ուղղակի չեմ հասկանում՝ ինչ կապ ունի տարիքը, եթե ունենք մենք նրա կարիքը:
!!! Եթե Տիարն ինքն իրեն զգար մեծ, թոշակի անցած մարդ, ապա նա ամեն առավոտ իրենց տանից հեծանիվով չէր գա դպրոց !!!