Posted in Մայրենի, Uncategorized

Վահան Թոթովենց. Ուղտը

Image result for ուղտըՄեր փողոցում բացվող հրապարակներից մեկում երեք օր է, ինչ մի քարավան է կանգ առել։ Ուղտերի բուրգի, խմորի, ուղտապանների թաղիքների յուրահատուկ հոտ, ուղտերի հոգնած ձայներ և խաղաղ նայվածքներ։ Ուղտապանների թաղիքե ցածր վրաններ։ Երեկոյան օշախները վառվում են։ Պարզ, պարզ մի կենցաղ։ Ուղտապանները կերակրում են իրենց ուղտերին և անվերջ շոյում ու փայփայում նրանց։ Նրանք բարձր չեն ծիծաղում, ժպտում են միայն։ Նրանց ժպիտը դժգույն, մարող գույներով հազիվ գծագրվում է դեմքերի վրա և անհետանում։ Բայց անապատի մարդու նայվածքը հրային է, արևաշող, կիզիչ, խոնավ, փայլփլացնող, միշտ արթուն, խոսուն աչքեր, որոնք բերում էին մեզ իրենց ավազների ջերմությունն ու անդորրը։

Քարավանն արդեն ճանապարհ ընկավ։ Ուղտերի կերկերուն, աղերսական և կարոտագին ձայնը բռնել է ողջ քաղաքը։

***Բայց ուղտերից մեկը չի շարժվում, նստած է, վեր չի կենում, միայն նայում է։

Հավաքվում են ուղտապանները, թափանցում նրա աչքերի խորքը և հասկանում ուղտի բովանդակ հոգին — բռնել է նրա համառությունը — դժգունում է նրան կերակրող և խնամող ուղտքպանը՝ քարավանի տիրոջ զայրույթի վախից։

Ուղտը վշտացել է մարդկային մի կոպտությունից։ Ետ է դառնում քարավանի տերը։

— Մնա՛ուղտի հետ՝ մինչև համառությունն անցնի, կհասնես մեր ետևից, — հրամայում է ուղտապանին քարավանի տերը։

Ուղտապանը հնազանդվում է։ Քարավանը զրնգացնում է բոժոժները։ Համառող ուղտը դարձնում է իր վիզը, երկար նայում և երկար մի աղերսանք է ձայնում։ Քարավանի տերը կանգնեցնում է ամբողջ քարավանը․ միգուցե ուղտը ցանկանա քարավանից չբաժանվել, բայց զո՜ւր, ուղտը նստած է և չի ուզում վեր կենալ։ Քարավանը շարունակում է ճանապարհը դեպի Միջագետք, դեպի բաբելոնական և արաբական անապատները։

Համառող ուղտի պահապանը փռում է իր թաղիքը ուղտի կողքին, վրան քաշում է իր աբան ու քնում է այն հույսով, որ մինչև զարթնելը՝ ուղտի սիրտը կքնքշանա, կլինի անհիշաչար և երեկոյան կհասնի քարավանին։

Անցան օրեր, և ուղտը շարունակեց իր անասնական համառությունը։ Ուղտապանը հոգնեց նրան շոյելով։ Ուղտի սիրտը կարծրացել էր, ինչպես մեր երկրի ժայռը։

Աշնան ցուրտը սկսեց սարսափեցնել հարավի բնակչին։ Ուտելիքը պրծավ։ Ոչ ոքի չի ճանաչում, որ դիմում կատարի, ուտում է ուղտի համար պատրաստած թույլ խմորից, հասկացնում է ուղտի քամակից բուրդ գողացող երեխաներին, որ եթե հաց տան, ինքը կքաշի և կտա։

Մի քանի օրից ուղտը մերկացավ, ուղտապանը վաճառեց բոլոր բուրդը։ Ուղտն ինքն էլ է մրսում՝ անապատի այդ հերոսը։ Այլևս բուրդ չկա, որ հացի հետ փոխանակի, հասնում են մուրացկանության օրերը։

Թաղի երեխաները հաց են տանում, կերակրի մնացորդներ։ Ուղտապանը գրկում է մանուկներին, շնորհակալության համար համբուրում։

Մի քանի հուժկու երիտասարդներ որոշում են օգնել անապատի մարդուն։

— Անգամ մը որ կայնի, կերթա, մինչև անապատը մեկ սոլուխ կերթա, — մտածում են նրանք։

Բերում են երկու սյուն, մեծ դժվարություններով կոխում նստած ուղտի ոտների արանքը և 20 հոգով վեր են բարձրացնում նրան։ Աղերսական, ձգձգուն, երկար ողբով բարձրանում է ուղտը, կանգնում։ Հրճվում են բոլորը, անապատի մարդը չի կարողանում իր հրճվանքն արտահայտել, ժպտում է մեղմ, սրան֊նրան գրկում։ Բայց մեկ֊երկու րոպե հետո՝ ուղտը օրորվում է ետ ու առաջ, չոքում և նստում։ Մռայլը պատում է անապատի մարդուն։

— Համա ինադ է հա՜, —- ասում են բոլորը։

Թափվում է առաջին ձյունը երկրում, հազիվ գետնին է հասնում, բայց երբ նստում է մեր սև հագուստների վրա, տեսնում ենք մարդկային ամենանուրբ ասեղնագործից ավելի նրբագույն բանվածքը բնության ձյան առաջին այդ սպիտակ հատիկների մեջ։

Մենք դիտում ենք ձյունը և հրճվում, բայց անապատի մարդու համար ահավոր են ձյան առաջին փաթիլները։

Ուղտն էլ նայում է տարօրինակ սպիտակ փաթիլներին, և երբ մի խոշոր փաթիլ ընկնում է թարթիչների վրա՝ փակում է աչքերը գլխի ջղային շարժումով։

Ուղտապանը ծնկի եկավ ուղտի առաջ, փաթաթված աբայի մեջ, և խորը հուսահատությունով սկսեց լաց լինել առաջին անգամ։ Մենք կանգնած ենք մոտը, հաց ենք տարել նրան։ Անապատի քաղցած մարդը այլևս հացին էլ ուշք չի դարձնում։

Արցունքները, հակառակ ձյունի փաթիլներին, այրում են նրա կոպերը, գլորվում են քթի երկու կողմի առուներից վար և կորսվում բեղերի և միրուքի ցանցառության մեջ։ Ուղտը ագահությամբ հառել է ուղտապանին, հառել է նրա աչքերի խորքը, հառել է նրա արցունքներին, ուղտապանի նայվածքն էլ արցունքների միջից ընկել է ուղտի խորունկ աչքերի մեջ, արցունքները գլորվում են, այրվում են նրա կոպերը։

Ձյունի փաթիլներից ստեղծված մեր հրճվանքին խառնվում է անապատի մարդու ողբը։

Հանկարծ ուղտը երկարեց ճիտը՝ մինչև երկուսի շնչերը խառնվեցին իրար։ Ուղտն աղերսագին ձայնեց մի քանի անգամ, հևաց և սկսեց բարձրանալ։

Մենք ճչացինք։

— Դևեն ելա՜, դևեն ելա՜վ․․․

Ուղտապանը սրբեց իր արցունքները, հավաքեց մեր բերած հացը, ճանկեց ուղտի թամբը, մագլցեց վեր ու ճանապարհ ընկավ դեպի անապատը՝ ժպտու՜ն և ուրա՜խ։

Փողոցի երկու կողմերում մարդիկ կանգ էին առնում և դիտում համառ ուղտին, որ օրորվելով քայլում էր, աղերսում, աչքերը հեռուն֊հեռուն հառած։

Ուղտապանը ողջունում էր փողոցում կանգնած մարդկանց, հավաքում նրանց նետած դրամները, հացի կտորները լցնում տոպրակի մեջ և հեռանում քաղաքից դեպի ավազները, դեպի հարավի արեգակը։

Նա հեռացավ մեր երկրից, որտեղ սկսվել էր դաժան ձմեռը կարմրած և դեղնած տերևներով աշունքից հետո։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բացատրիր:
    օշախներ-
    բոժոժներ-
    կերկերուն-կերկերացող, խզխզացող, խզված, խռպոտ
    աղերսական-Աղերսանք պարունակող՝ արտահայտող, աղերսալի, գթաշարժ 
  2. Բնութագրիր անապատի մարդկանց:Անապատի մարդիկ շատ հետաքրքիր են և խելացի, նրանք օգնում են իրենց մոտ ապրող բոլոր կենդանիներին և հարևաններին։
    Նրանց նայվածքը հրային է, արևաշող, խոնավ, միշտ արթուն, կիզիչ, փայլփլացնող, խոսուն աչքեր, որոնք բերում էին մեզ իրենց ավազների ջերմությունն ու անդորրը։

  3. Ինչո՞ւ էր համառում ուղտը: Պատասխանդ հիմնավորիր:Ուղտը համառում էր, որովհետև նա  շարժվում, նստ ած է, վեր չի կենում, միայն նայում է։

  4. Ընդգծիր այն հատվածները, որտեղ երևում է, որ ուղտին էլ հաճելի չէ այդ վիճակը:Բերում են երկու սյուն, մեծ դժվարություններով կոխում նստած ուղտի ոտների արանքը և 20 հոգով վեր են բարձրացնում նրան։ Աղերսական, ձգձգուն, երկար ողբով բարձրանում է ուղտը, կանգնում։ Հրճվում են բոլորը, անապատի մարդը չի կարողանում իր հրճվանքն արտահայտել, ժպտում է մեղմ, սրան֊նրան գրկում։ Բայց մեկ֊երկու րոպե հետո՝ ուղտը օրորվում է ետ ու առաջ, չոքում և նստում։ Մռայլը պատում է անապատի մարդուն։
  5. Վերնագրիր պատմությունը՝մեկ բառով-ալակոտը

    բառակապակցությամբ-գեշ հոգնած ուղտը, ուշադրություն չդարձնողները

    Նախադասությամբ-անձայն անբան և միշտ նստող քնքուշ ուղխը

  6. Համացանցից գտիր տեղեկություններ ուղտերի մասին, դուրս գրիր այն տեղեկությունները, որոնք չգիտեիր:

    1.  Ուղտերի գեղեցկության մրցույթներ 

    122407020

    Հազիվ թե մեզ մոտ որևէ մեկը ուղտին գեղեցիկ անվաներ: Այնինչ, Արաբական Միացյալ Էմիրություններում ուղտերը գեղեցիկ կենդանիներ են համարվում: Ամեն տարի հազարավոր մարդիկ են ներկա գտնվում Ալ-Դաֆրային` ուղտերի փառատոնին: Փառատոնի մեխը ուղտերի գեղեցկության մրցույթն է: Մրցույթին մասնակցում է մոտ 25,000 ուղտ: Այս մրցույթը գրավում է տարածաշրջանի արքաների և շեյխերի ուշադրությունը: Հաղթած ուղտերը վաճառվում են միլիոնավոր դոլարներով:

    Ժյուրին հաղթող ուղտերին ընտրում է ըստ հատուկ չափորոշիչների: Ցանկալի հատկանիշներից են հաստ շուրթերը, էլեգանտ սապատը, գեղեցիկ ականջները, ամուր ոտքերը, երկար պարանոցը և մեծ գլուխը:  Սովորաբար էգ ուղտերը ավելի գրավիչ են համարվում, արու ուղտերի տերերը նախընտրում են իրենց էգ ուղտերին տանել մրցույթին մասնակցելու: Ուղտերի տերերը պարտավոր են մրցույթից առաջ երդվել, որ կասեն միայն ճշմարտությունը իրենց ուղտերի տարիքի և ծագման մասին:  

     2. Ուղտերի ըմբշամարտ

    162269858

    Այժմ մենք ուզում ենք խոսել Թուլուների մասին: Այս բրդոտ կենդանիները երկսապատ և միասապատ ուղտերի խառնուրդն են: Այս փափկամազ ուղտերն իրականում շատ ուժեղ են և զբաղվում են ըմբշամարտով: Թուրքիայի Էգեյան ծովի մոտակայքում հունվար ամսվա յուրաքանչյուր երրորդ կիրակի օրը նրանց հանում են իրար դեմ: Ուղտերին հագցնում են վառ գույնի հագուստ, որի վրա փայտյա թմբեր կան: Նրանց խելացնոր անուններով են կոչում, օրինակ` Օբամա, Ռեմբո, Սև Ալի:   

    Կռվից մի օր առաջ ուղտերին փողոց են հանում քայլերթի: Ուղտերը բարձր երաժշտության ներքո խրոխտ քայլում են փողոցներում: Կռվի օրը ուղտերին տանում են մի վայր, ուր հարուստ երկրպագուները խաղադրույքներ են կատարում իրենց նախընտրած ուղտի վրա: Երբ վրա է հասնում կռվելու պահը, մարզիչներն ուղտերին իրար վրա են քսի տալիս և նրանց կռվի հրահրում: Եթե ուղտը ընկնում է հատակին, փախչում է ռինգից կամ ճչում, նա տանուլ է տալիս և մարտն ավարտվում է: Կարելի է հարձակվել աջից կամ ձախից, հարվածներ տեղալ, նստել հակառակորդի գլխին, սակայն կծելն արգելվում է: Մրցավարները հետևում են մարտին, որ, եթե ուղտերը կծեն իրար, արձանագրեն կռվի կանոնների այդ խախտումը: Կռիվները հաճախ ոչ ոքի են ավարտվում, սակայն երբեմն ուղտերից մեկը հաղթանակ է տանում: Հաղթանակած ուղտի տիրոջը իբրև մրցանակ գեղեցիկ կարպետ են շնորհում: 

    Որքան էլ որ մեծ ուշադրություն գրավի այս իրադարձությունը, այն մարզաձևերը, որոնցում կենդանիների արյուն է թափվում, բավականին դաժան են: Թուրքիայի կառավարությունը այս միջոցառման պատճառով խնդիրների է բախվում, թեպետ կառավարության անդամներին ավելի շատ մտահոգվում են իրենց ազգի իմիջի, քան ուղտերի համար:

    3. Ուղտի կաթ

    rsz_halib

    Ուղտի կաթը շատ սննդարար է: Նրա մեջ 10 անգամ ավելի շատ երկաթ կա և երեք անգամ ավելի շատ վիտամին C, քան կովի կաթի մեջ: Աշխարհի տարբեր երկրներում ինչպես հարուստները, այնպես էլ աղքատները, ուղտի կաթը խմում են: Աբու Դաբիում գտնվող Ռից-Կառլտոն ընկերությունը սպառողներին ուղտի կաթով կաթնային շեյքեր է հրամցնում: Դրանք շատ են օգտագործվում մահմեդականների կողմից Ռամադանի ժամանակ, քանզի դրանք շատ սննդարար են:

    Ուղտի կաթը հարյուրավոր տարիներ շարունակ օգտագործվել է նաև բժշկության մեջ: Ղազախստանում ուղտի կաթն օգտագործվում է թոքախտի բուժման համար, իսկ Աֆրիկայի բժիշկները ՁԻԱՀ-ի վարակակիրներին ուղտի կաթ են նշանակում` որպես սննդարար ըմպելիք:  Ըստ որոշ մասնագետների` ուղտի կաթն օգտակար է նաև շաքարախտի դեպքում:

     4. Վայրի սապատավորներ

     khyrgyz

    Արևեյան Ասիայում բնակվող վայրի երկսապատավորները վայրի ուղտերի միակ տեսակն են ողջ աշխարհում: Ավստրալիայում կան բազում միասապատ ուղտեր, սակայն դրանք վայրի չեն համարվում:

    Վայրի սապատավոր տեսակի ուղտերը կարող են գոյատևել անգամ ամենածանր պայմաններում: Դրանք բնակվում են Մոնղոլիայում և Չինաստանի Սինցզյան նահանգի արգելոցում: Սա զարմանալի է, քանի որ չինացիները այս նահանգում 1950-ականներին միջուկային զենք էին փորձարկում:  Սա ևս հուշում է այս ուղտերի դիմացկունության մասին: Դժբախտաբար, վայրի երկսապատ ուղտերը բնաջնջման եզրին են հայտնվել: 2010 թ.-ին աշխարհում ընդամենը 950 վայրի երկսապատավոր էր մնացել: Հուսանք, որ անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկվեն, և այս ուղտերն իսպառ չեն վերանա:

    5. Կարմիր Ուրվականի առասպելը

    156523588

    Այն բանից հետո, ինչ ամերիկյան բանակը բաց թողեց իր ուղտերին, որոնք օգտագործվում էին ռազմական նպատակներով, ուղտերը սփռվեցին հարավարևմուտքում: Մինչև 1934 թ. ամերիկյան բանակի բոլոր ուղտերն արդեն մահացել էին: Այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ մարդիկ պատմում են, որ հեռվում դեռևս նշմարում են ուղտերի: Շշուկներ են պտտվում են նաև Կարմիր ուրվականի մասին: Ասում են, որ Կարմիր ուրվականը մահացած ուղտ է, որը հեծնել է գլխատված մարդ:  1883 թ.-ին մի արիզոնացի կնոջ հայտնաբերեցին ծեծված և մահամերձ վիճակում: Այն վայրում, որտեղ այս կինն ընկած էր, սմբակների տարօրինակ հետքեր կային, ինչպես նաև կարմիր արտասովոր մորթի:

  7. Կազմիր նոր բառեր ուղտ և ուխտ արմատներով:ուղտ-ուղտաբեռ, ուղտաբուծական, ուղտաբուծություն, ուղտաբույծ, ուղտապան, ուղտաբուրդ, ուղտաբրդե, ուղտագույն, ուղտախումբ

    ուխտ-ուխտավոր, ուխտագնաց, ուխտավորական, ուխտադրություն, ուխտավայր, ուխտագնացություն, ուխտավորություն, ուխտաբար, ուխտագիր:

Advertisements