Posted in Uncategorized

Համբարձման տոն

dsc03979

Այս խորհրդավոր տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը՝ 35 օրվա շարժունակությամբ՝ ապրիլի 30-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում՝ հինգշաբթի: Այն խորհրդանշում է մարդու և բնության անբաժանելի կապը:
Ժողովրդական լեզով Համբարձման տոնը կոչվում է նաև վիճակ:
Համբարձման տոնից մեկ օր առաջ, չորեքշաբթի օրը, հարսներն ու աղջիկները յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար էին հավաքում, դաշտերից ու այգիներից ծաղիկներ էին քաղում և փնջեր կապում, որոնցից մեկը խաչաձև էր լինում և կոչվում էր Ծաղկամեր, որը տոնի ավարտին նվիրվում էր եկեղեցուն: Քաղած ծաղիկների մեջ գերիշխում էին դեղին գնարբուկը, կարմիր կուժկոտրուկները,  աղբրաց արյունը, ալ վարդակակաչը:
Աղբյուրներից հավաքած ջուրը կուլայի մեջ էին լցնում, յուրաքանչյուրը մի իր էր գցում և գեղեցիկ ծաղիկներով զարդարում էին այն: Կուլան ծաղկեփնջերի հետ միասին թաքցնում էին, որ տղաները չգողանային: Փարչը պիտի մնար բաց երկնքի տակ, որպեսզի Համբարձման գիշերվա աստղազարդ երկնքի լույսն ընկներ ծաղիկների վրա և առավոտյան ցողով օծվեին վիճակի ծաղիկները:
Հինգշաբթի առավոտյան ջանգյուլումի մասնակիցները տնետուն էին շրջում, տանտիրուհուն, հարսին կամ աղջկան նվիրում էին ծաղկեփունջ` նրանցից ստանալով կաթ, բրինձ, ձու, քաղցրավենիք, միրգ, երբեմն նաև մանրադրամ: Վիճակահանությունից հետո երեխաները գնում էին այգիներ, դաշտեր`կաթնով ճաշակելու:
Համբարձման տոնը կոչվում է նաև «Ջան գյուլում», որովհետև վիճակի տողերը վերջանում են «Ջան գյուլում, ջան ջան, ջան ծաղիկ, ջան, ջան» բառերով: Ջան գյուլումը գարնան, ծաղկի, մասնավորապես վարդի փառաբանությունն է:

Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում են երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում: Այդ տոնը լավագույնս նկարագրվում է Հովհաննես Թումանյանի «Անուշ»-ը պոեմում: Այսօր էլ Հայաստանի որոշ շրջաններում պահպանվել են տոնից առանձին բաղադրիչներ. Կարելի է հանդիպել մի խումբ վառ պատանիների, որոնք երգում են այդ տոնին բնորոշ «Ջանգյուլում» երգը (Ջանգյուլումը այդ ժամանակ աճող ծաղիկ է):
Ահա Համբարձման տոնի մի քանի խաղիկ.

Սարից ելավ ձիավոր,                            Ուխտավոր ես, ուխտ արա,
Սաղմոսը ծոցին սովոր,                          Սրտիս իղձը կատարա,
Սաղմոսը վարդ էր դարձել,                     Սուրբ Խաչ ուխտի գնալու
Լեզուն բլբուլ էր դարձել:                       Ախպեր, դու մի ճար արա:

Կանաչ տեղը պարում եմ,                        Բարի լուս ջան , բարի լուս,
Պարի միջին խաղում եմ,                        Աստված պահի մեր երկուս,
Կաքավի պես նազելով՝                           Ձեռ-ձեռի տանք, ելնենք դուս
Ընկերներիս դաղում եմ:                         Դուշման տեսնի, կտրի լուս:

Մանի -մանի մանեցի,                          Ես սարի սովոր հավք եմ,
Ոսկե թելը գործեցի,                             Դեղին թևավոր հավք եմ,
Անուշ-անուշ խոսելով՝                         Ինձ բաց թողեք, որ թռնեմ,
Ես քո սիրտը շահեցի:                           Երամի սովոր հավք եմ:

Advertisements